Իրանի նախագահը չի բացառել Ռուսաստանի հետ լիարժեք ռազմական համագործակցության հնարավորությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը չի բացառել ապագայում Թեհրանի և Մոսկվայի միջև լիարժեք ռազմական համագործակցության հաստատման հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բնականաբար, բոլոր ոլորտներում, որտեղ մենք կարող ենք օգնել միմյանց՝ ռազմական և անվտանգության ոլորտներում, մենք կփորձենք զարգացնել համագործակցությունը»,- ասել է Փեզեշկիանը ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին «Соловьев Live» հեռուստաալիքի համար տրված հարցազրույցում պատասխանելով ապագայում Իրանի և Ռուսաստանի միջև թե՛ ռազմատեխնիկական, թե ռազմական համագործակցության հնարավորության մասին հարցին։
«Մենք պետք է համագործակցենք, որպեսզի թշնամին չկարողանա հեշտությամբ գալ, ոչնչացնել մեզ ու հեռանալ։ Թշնամին չպետք է պատրանքներ ունենա, որ հեշտությամբ կարող է մեզ հաղթել»,- ավելացրել է նա։
Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշկիանը հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններից հետո, ենթադրում է սոսկ ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Կողմերը պարտավորվել են նաև չաջակցել ագրեսորներին Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի վրա հարձակման դեպքում, սակայն փաստաթուղթը չի ենթադրում ռազմական օգնություն պայմանագրի կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում: