
Վերին Լարսի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 400 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1325 բեռնատար տարբեր երկրներից։ Երեկ անցակետով երթևեկությունը մի քանի ժամով փակվել էր կցորդիչով բեռնատարների համար, այսօր առավոտվանից այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: