Բաժիններ՝

Դանիայի վարչապետը հանդիպում է հրավիրել գործարար ղեկավարների հետ՝ Գրենլանդիայի հետ կապված Թրամփի սպառնալիքներից հետո

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո, որի ժամանակ քննարկվել է նաև Գրենլանդիայի թեման, հունվարի 16-ին հանդիպում է հրավիրել Դանիայի գործարար համայնքի ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը հայտարարել է, որ Դանիայի կիսաինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության հաստատումը «բացարձակ անհրաժեշտություն է» ԱՄՆ-ի համար։ Թրամփը նաև չի բացառել Գրենլանդիային տիրանալու համար ռազմական կամ տնտեսական միջոցների կիրառումը։ Ֆրեդերիկսենը Թրամփի հետ 45 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Գրենլանդիան ինքը պետք է որոշի իր ապագան, և որ Դանիան պատրաստ է անել ավելին Արկտիկայում անվտանգությունն ամրապնդելու համար։ 

Ֆրեդերիկսենը նշել է, որ դանիական ընկերությունները նպաստում են ԱՄՆ-ում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը, և որ ԵՄ-ն ու Վաշինգտոնն ընդհանուր շահ ունեն առևտրի ծավալների մեծացման հարցում:Զրույցից հետո Դանիայի վարչապետը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ ԱՄՆ-ն իսկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Գրենլանդիայի նկատմամբ։

Իր հերթին, Դանիայի արտգործնախարար Լարս Ռասմուսենը հունվարի 16-ին հանդիպում է ծրագրել խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ։Նախկինում Թրամփը ցանկություն է հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Այդ նպատակին հասնելու համար ռազմական ուժի կիրառումը չբացառելն անհանգստություն է առաջացրել Դանիայում և Եվրոպայի այլ երկրներում: Գրենլանդիայի իշխանություններն իրենց հերթին նշել են, որ իրենք ապագայում ձգտում են անկախանալ Կոպենհագենից, բայց ոչ ԱՄՆ-ի մաս դառնալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս