«Այս ամենը Կառավարության հովանու ներքո է. բոլորն իրենց համար մատաղացու են». Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր

2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում ծեծի ենթարկված և 2023 թվականի ամռանը մահացած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, շարունակում է թակել դատական ատյանների դռները՝ պահանջելով արդար վճիռ, սակայն որևէ արձագանք չի ստացել։

«Արդեն մեկ տարին լրանում է, ինչ դիմել եմ Վճռաբեկ դատարան, բայց համակարգի փոփոխությունն այստեղ որևէ բան չի փոխելու, մոռացեք, ինչպես համակարգը գործում է, այնպես շարունակելու է գործել։ Մարդիկ են փոխվել, բայց ոչ այս կառավարության քաղաքականությունը։

Հիմա որ չասեմ, դուք չեք պատկերացնում, որ այս ամենը Կառավարության հովանու ներքո է։ Ինչպե՞ս է ստացվում, որ 7-8 հոգով իմ որդուն ծեծեցին, բայց նրանցից միայն մեկ հոգին նստեց։ Բոլորին հանեցին, Տրդատ Սարգսյանին էլ դարձրեցին պատգամավոր։ Եթե ինքն իր հպարտության մասին է մտածում, դրա մասին հանձնաժողովում քմծիծաղով խոսում է, ինչո՞ւ ինձ դատի չի տալիս»,- 168.am հետ զրույցում նշեց Սամվել Մխիթարյանը։

Նա ընդգծեց՝ այս իշխանություններն առհասարակ որևէ վերաբերմունք չունեն զինվորականների նկատմամբ։

Կարդացեք նաև

«Սրանց կողմից հատուկ վերաբերմունք չկա, բոլորն իրենց համար մատաղացու են։ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ խոստում տվեց, երկու անգամն էլ չկատարեց։ Եկել էր Գյումրի, գնացի հանդիպման՝ պատգամավորների ու քաղաքագլխի ներկայությամբ ասաց՝ «ով զինվորի վրա ձեռք է բարձրացրել, պետք է բոլորն էլ նստեն», ո՞վ է նստած հիմա։

Մեկ հոգի նստեց, բայց հանեցին, հիմա ուզում եմ հոդվածը փոխվի, որ նստի։ Նախորդ տարվա ամառվանից դիմել եմ Վճռաբեկ, պատասխան չկա, համակարգի ի՞նչ փոփոխության մասին կարող է խոսք լինել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև հարց բարձրացրեց՝ եթե ՀՀ դատարանները չեն կարողանում մեղավորներին բանտ տանեն, Եվրոպական դատարանը կարո՞ղ է, այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ առհասարակ չի ուզում հանդիպել, քանի որ երկու անգամ հանդիպել է, նրանից խոստումներ է լսել, բայց դրանց կատարումն առ այսօր մնացել է օդում։

«Նիկոլի հետ հանդիպեմ՝ ի՞նչ անեմ, հանդիպեմ էլ, չհանդիպեմ էլ՝ նույնն է։ Ինչ-որ տեղ ես հույս ունեմ Վճռաբեկ դատարանից, որովհետև այստեղ սպայի վրա են ձեռք բարձրացրել, նրանք հասցրել են մահվան, պետք է որոշում ընդունող դատավորը խղճի խայթ ունենա, որպեսզի կարողանան մարդասպանին նորից բանտ տանեն։ Միայն դրանից հետո իմ հոգին հանգիստ կլինի, սրանից զատ՝ ես ոչինչ անել չեմ կարող»,- ընդգծեց Սամվել Մխիթարյանը։

Հիշեցնենք՝ նախորդ տարի փետրվարին հայտնի դարձավ, որ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023-ին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն  Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, նորից ազատազրկվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս