Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի համաձայնագիր կնքելու և պատանդներին ազատ արձակելու համար: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Բանակցություններում որոշակի առաջընթաց է դիտվում», – ասել է նախարարը։Նա հավելել է, որ Իսրայելը «քրտնաջան աշխատում է» պատանդների փոխանակման շուրջ համաձայնագիր կնքելու վրա, և «շուտով հայտնի կդառնա՝ արդյոք մյուս կողմը նույնն է ցանկանում»։
Սաարը նշել է, որ Իսրայելն աշխատանք է տանում ինչպես ԱՄՆ-ի հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Կատարն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի սահմանման և արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի ամփոփիչ նախագիծը՝ նշելով, որ բանակցություններում գրանցվել է մեծ շրջադարձ։ Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը համարվում է վերջնաժամկետ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու համար։
Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե մինչև իր երդմնակալությունը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներն ազատ չարձակվեն։