Կատարն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագրի ամփոփիչ նախագիծը. Reuters
Կատարն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի սահմանման և արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի ամփոփիչ նախագիծը։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։Նշվում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակի մասնակցությամբ բանակցություններից հետո այս կեսգիշերից հետո գրանցվել է մեծ շրջադարձ։
Գործակալության զրուցակցի տվյալներով՝ հունվարի 12-ի երեկոյան Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին բանակցություններ է վարել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բառնեայի և Մերձավոր Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթկոֆի հետ։
Ենթադրվում է, որ բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ հեռացող վարչակազմի պաշտոնյաները։
«Առաջիկա 24 ժամն առանցքային կլինի համաձայնագրի հասնելու համար», – ասել է Reuters-ի աղբյուրը։ ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսն ավելի քան մեկ տարի աշխատել են Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների վրա, սակայն մինչև այժմ դրանք արդյունք չեն տվել։
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը համարվում է վերջնաժամկետ համաձայնության հասնելու համար։ Թրամփը սպառնացել է «դժոխքի կրակներով», եթե մինչև իր երդմնակալությունը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներն ազատ չարձակվեն։