Անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից
Սահմանված ժամկետում թույլ տված խախտումները չվերացնելու հանգամանքով պայմանավորված՝ անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից։ Այս մասին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։
«Հաշվետու ժամանակահատվածում խախտումների մասով նախարարության կողմից 542 գրավոր զգուշացում է տրվել, որի արդյունքում պետական բյուջե է վճարվել 467 միլիոն դրամ գումար, որից 360 միլիոն դրամը՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով»,-հայտնեց նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2024-ին տրվել է ընդերքօգտագործման 53 իրավունք, որից 29-ը օգտակար հանածոյի արդյունահանման, իսկ 24-ը երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։