Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը Կառավարությունն ընդունեց

ՀՀ-ն ազդարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկը:

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։

ԱԳՆ-ն առաջարկում է դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի շարք հանգամանքներից։

«Նախ՝ վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն բավականին ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել, դրանք ունեցել են շատ հարուստ բովանդակություն ու ընդգրկել են տաբեր ոլորտներ։ ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել ու, ըստ էության, ներգրավվել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը, նկատի ունեմ դիտորդական առաքելության տեղակայումը, ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։

«Մենք հնարավոր համարելու նշանները տեսել ենք»,- շեշտեց Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե կարևոր է, որ ճիշտ ըմբռնեն հարցի էությունն ու համատեքստը։

«Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ արձանագրենք, թե ինչ է սա նշանակում։ Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին բառիս ուղիղ իմաստով, որովհետև այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի ու կառավարության որոշման մակարդակով, դա կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե ու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակցիների՝ սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։

«Բայց նաև պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք ճանապարհային այն քարտեզը, որն իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում։ Մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- ընդգծեց նա։

Նախագիծը կառավարության կողմից արժանացավ հավանության, այն կուղարկվի Ազգային ժողով։

Տեսանյութեր

Լրահոս