Բաժիններ՝

Թրամփի հայտարարությունից հետո Եվրամիությունը կոչ է արել հարգել Դանիայի ինքնիշխանությունը

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը կոչ է արել հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը: Չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Եվա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը:

«Անդամ երկրների ինքնիշխանությունը միշտ պետք է հարգվի: Սա այն դիվանագիտական ​​արժեքներից մեկն ու հիմնարար սկզբունքն է, որին միշտ ապավինում ենք մեր աշխատանքում: Դա վերաբերում է Դանիայի դեպքին»,- նշել է նա:

Անիտա Հիփերն ընդգծել է, որ ԵՄ-ն աշխատում է ամրապնդել տրանսատլանտյան գործընկերությունը՝ ընդհանուր նպատակներին և ռազմավարական շահերին հասնելու համար։

«Մենք ունենք բազում խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել ընդհանուր ջանքերով: Դրա համար պահանջվում է ամուր գործընկերություն: Դա հենց այն է, ինչի վրա աշխատում ենք»,- ասել է Հիփերը:

Թեմային անդրադարձել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոյել Բարոն, որը France inter ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտպանելու է իր սահմանները։

«Ակնհայտ է, որ խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ ԵՄ-ն թույլ կտա այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա: Մենք ուժեղ մայրցամաք ենք»,- նշել է Բարոն՝ անդրադառնալով արդեն ավելի քան 600 տարի Դանիային պատկանող Գրենլանդիայի մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը:

Հունվարի 7-ին Դոնալդ Թրամփըն ասել էր, որ Դանիան պետք է ԱՄՆ-ին զիջի Գրենլանդիան՝ հանուն Ամերիկայի ազգային շահերի։ «Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե ունի, ապա Դանիան պետք է հրաժարվի դրանցից, քանի որ Գրենլանդիան մեզ պետք է ազգային անվտանգության ապահովման և ազատ աշխարհը պաշտպանելու համար»,- հայտարարել էր Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս