Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը
Իրանի Զինված ուժերի հրամանատարը, հայտարարելով, որ թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը, ասել է, որ դիմադրությունը գաղափարախոսություն, մտածողություն և մշակույթ է, որը ոչ միայն չի թուլացել, այլև «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունից հետո ավելի է հզորացել, ընդլայնվել ու խորացել», հայտնում է IRNA-ն։
Գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է. «Թշնամիները փորձում են ներշնչել, թե դիմադրությունը թուլացել է: Այդ լուրերը տարածողները և դրանց հավատացողները դա անում են, քանի որ դիմադրությունը համարում են ինչ-որ մեխանիզմ, որը կարելի է կոտրել: Բայց դա այդպես չէ»:
Իրանի Զինված ուժերի հրամանատարն ընդգծել է. «Դիմադրությունը գաղափարախոսություն է, մտածողություն և մշակույթ, և այդ մշակույթը ոչ միայն չի թուլանում և չի թուլացել, այլև «Ալ Աքսայի փոթորիկ» գործողության պահից դարձել է ավելի ուժեղ, ավելի լայն, ավելի խորը, և մենք դրա բազմաթիվ հաստատումներ ենք տեսնում աշխարհի և տարածաշրջանի մարդկանց տրամադրությունների մեջ»:
Մուսավին շարունակել է՝ հայտարարելով, որ թշնամիները սխալվում են, երբ փորձում են նսեմացնել Իրանի ռազմական հզորությունը. «Մեր ռազմական հզորությունը դեռ լիովին չի բացահայտված, և մենք ցուցադրել ենք մեր հնարավորությունների սոսկ մի մասը։ Շատ բան անհայտ է մնում մեր թշնամիների համար, և մեր բոլոր խաղաքարտերը բացելու պատճառ չկա: Մենք ցուցադրել ենք անօդաչուների միայն մեկ ստորգետնյա բազա, և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գտնել այն»:
Իրանի զինված ուժերի հրամանատարն ասել է. «Մենք դեռ չենք խաղում այս պինգ-պոնգ խաղը, որտեղ պետք է ցույց տանք մեր ուժերի միայն մի մասը։ Եթե մենք որոշենք խաղալ այս խաղը, ապա աշխարհը կտեսնի Իրանի իրական հզորությունը։ Նպատակը, որ փորձում են սերմանել, կեղծ է ու սխալ»։
Մուսավին, հայտարարելով, որ դիմադրությունը բաց չի թողնի իսրայելական ռեժիմին և նրա կողմնակիցներին, հավելել է. «Ուղին, որ սիոնիզմն ընտրել է իր գոյատևման համար, փակուղային է։ Սպանությունների, հանցագործությունների, մանկասպանության, անարդարության և մարդկային բոլոր արժեքների անտեսման ուղին պատմության մեջ երբեք այլ բանի չի հանգեցրել, քան կործանման: Այդ ուղին և այդ վարքագիծը անկումից բացի այլ ապագա չունեն»։