
Ծանր օրերը հաղթահարելու ենք նվիրյալների շնորհիվ. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով շուրջ 3 տարի անազատության մեջ էր, շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով.
«Սիրելի’ հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ,
2025 թվականի նախաշեմին, 3 տարի անց առաջին անգամ հնարավորություն ունեմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք հղել ձեզ ազատության պայմաններում:
Վերջին մի քանի տարին հայ ժողովուրդը վիրավոր սրտով է դիմավորում տարեմուտները. COVID, պատերազմ, աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրադրություն: Այս ամենը կարող է հավասարակշռությունից հանել և շեղել զարգացման ուղեծրից, սակայն այս պայծառ օրը ուզում եմ հավատալ և հավատ ներարկել յուրաքանչյուր հայի աշխարհի բոլոր անկյուններում, որ միասնականությունը կարող է անխորտակ պահել մեզ փոթորիկներում, իսկ ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է , պատմական հիշողությանը հավատարմությունը և արդարության վերականգնումը։
Սիրելի՛ վանաձորցիներ, ուզում եմ, որ 2025 թվականը դառնա ապագայի հանդեպ հույսի ու հավատի վերականգնման տարի: Իմ սիրտն ու հոգին շարունակում են լինել յուրաքանչյուրիդ հետ: Վստահ եմ՝ ծանր օրերը հաղթահարելու ենք նվիրյալների շնորհիվ, որոնց մեջ ապրում է հայի աննկուն ոգին, հաղթահարելու ենք ազգային արժանապատվությամբ և ուժերի գերլարումով պետություն վերակառուցելու պատրաստակամությամբ:
Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած հերոսների անմահ հիշատակի առջև:
Աստված պահապան լինի սահմանին կանգնած բոլոր քաջերին, որոնք հսկում են մեր խաղաղ քունը:
Մենք թուլանալու իրավունք չունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատևության և հանուն կյանքի:
Սիրելի՛ վանաձորցիներ, կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող Նոր տարին սեր, երջանկություն,արդարություն, բարեկեցություն և արժանապատիվ խաղաղություն բերի բոլորի ընտանիքներին։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։