Բաժիններ՝

Կործանված ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերը» կուղարկվեն Բրազիլիա՝ ուսումնասիրության

Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) կործանված ինքնաթիռի ինքնագրիչները («սև արկղերը») կուղարկվեն Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA). այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Վթարների հետաքննության հանձնաժողովը՝ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի գլխավորությամբ, որոշել է թռիչքի ինքնագրիչները («սև արկղերը») ուղարկել Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA): Բրազիլիան նաև Embraer ինքնաթիռն արտադրող երկիրն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևի խոսքով, վերջնական վարկածը հայտնի կդառնա միայն «սև արկղերը» բացելուց հետո։

«Սակայն նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր»,- նշել էր Ադրբեջանի ղեկավարը։

Նա նաև հայտնել էր, որ ցամաքից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչամասը նույնպես մեծ վնաս է կրել։

Ըստ Ալիևի՝ թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ ֆյուզելյաժի վրա անցքեր են հայտնաբերվել: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասել են հավատարիմ մնալ այս տարբերակին:

«Առաջին 3 օրը Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի զառանցական վարկածներից: Մեզ զարմացրեց այն, որ ռուսական պաշտոնական կառույցներն ինչ-որ գազի բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել այդ հարցը, ինչը պատիվ չի բերում որևէ մեկին», – ասել էր նա։

Սակայն Ալիևն ընդգծել էր, որ ինքնաթիռը դիտմամբ չի խոցվել: Նա հավելել էր, որ Բաքուն բացահայտ ներկայացրել է իր պահանջները ռուսական կողմին։

«Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պետք է ընդունի իր մեղքը, մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի», – ասել էր նա:

Ալիևը նաև նշել էր, որ Ադրբեջանը մերժել է ՌԴ միջպետական ​​ավիացիոն կոմիտեի՝ ավիավթարը հետաքննելու պաշտոնական առաջարկը:

Դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից «ՌԴ օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար»։ Նա նշել է, որ տարածքում աշխատել է ՌԴ ՀՕՊ համակարգը, սակայն ուղիղ չի ասել, որ դա է եղել ինքնաթիռի կործանման պատճառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս