
Ադրբեջանը հետ է կանչել ռուսական ավիաընկերությունների թույլտվությունները

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղարկել է Միներալնիե Վոդի և Սոչի օդանավակայաններից դեպի Ադրբեջան նախատեսված թռիչքները։ Ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այս որոշումը կայացվել է Բաքվի և Գյանջայի օդանավակայանների կողմից սլոթերի հետկանչման պատճառով։
«Ազիմուտը» հայտնել է, որ չեղարկվել են Միներալնիե Վոդիից Բաքու և Գյանջա, ինչպես նաև Սոչիից Բաքու չվերթները։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։
«Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը, որին պատկանում էր Ակտաուում կործանված Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, հայտարարել էր, որ հետաքննության նախնական տվյալներով՝ օդանավն ընկել է «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության պատճառով»:
Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական քննությանը մոտ կանգնած չորս աղբյուրների, հաղորդել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից։ Նույնն են պնդում նաև մի շարք այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Euronews-ն։