Հարավային Կորեայի դատախազությունը հայտնել է, որ նախագահը թույլ է տվել զինվորականներին զենք օգտագործել. АFP
Պաշտոնից հեռացված Յուն Սոկ Յոլը զինվորականներին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում զենք օգտագործել ռազմական դրության ժամանակ, նշվել է դատախազության հաշվետվությունում, որին ծանոթացել է AFP գործակալությունը։
Պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հենի մեղադրական եզրակացության 10 էջանոց ամփոփագրում, որը ներկայացրել է լրատվամիջոցը, նաեւ նշվել է, որ դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խոստացել է երիցս հայտարարել ռազմական դրություն, եթե դրա կարիքը լինի։ Յունը, որն այս ամիս Ազգային ժողովի կողմից հեռացվել է իր պարտականություններից, հետաքննվում է քաղաքացիական իշխանությունը տապալելու իր կարճատեւ փորձի համար, որը երկիրը գցել է քաղաքական ցնցումների մեջ եւ հանգեցրել նրա իմփիչմենթին:
Փաստաբան Չժուն Յուն Քաբինը համաձայն չէ դատախազի զեկույցի հետ՝ AFP-ին ասելով, որ դա «միակողմանի զեկույց է, որը չի համապատասխանում օբյեկտիվ հանգամանքներին կամ ողջախոհությանը»:
Դեկտեմբերի 3-ին, երբ օրենսդիրները շտապեցին խորհրդարան՝ դեմ քվեարկելու Յունի ռազմական դրության հայտարարությանը, ծանր զինված զորքերը ներխուժեցին շենք՝ ճեղքելով պատնեշները, կոտրելով պատուհանները եւ վայրէջք կատարելով ուղղաթիռով: Դատախազի մեղադրական եզրակացության համաձայն՝ Յունն ասել է մայրաքաղաքի պաշտպանության հրամանատարության ղեկավար Լի Չժին Ուին, որ զինվորականները կարող են կրակ բացել, եթե անհրաժեշտ լինի՝ Ազգային ժողով ներթափանցելու համար:
Յունը նաեւ, իբր, ասել է ռազմական հակահետախուզության հրամանատարության ղեկավար, գեներալ Քվակ Չժոն Գընին, որ «արագ ներխուժել» խորհրդարանի շենք, քանի որ ռազմական դրության հայտարարումը վերացնելու քվորում չի ապահովվել: