Կանադացի նախարարները Ֆլորիդայում բանակցություններ են վարել Թրամփի ներկայացուցիչների հետ մաքսատուրքերի հարցով
Կանադայի ֆինանսների նոր նախարար Դոմինիկ Լըբլանը եւ արտաքին գործերի նախարար Ժոլին ուրբաթ ամերիկյան Ֆլորիդա նահանգում հանդիպել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների հետ, որպեսզի քննարկեն նոր առեւտրային տուրքերի հավանականությունը, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Կանադայի կառավարությանը։
Թրամփը սպառնացել է 25 տոկոսանոց մաքսատուրքեր մտցնել կանադական արտահանման վրա, երբ հունվարին ստանձնի պաշտոնը, եթե երկիրը չկրճատի միգրանտների եւ ֆենտանիլի հոսքը Միացյալ Նահանգներ։
Լըբլանի գրասենյակը հանդիպումից հետո հայտնել է, որ «դրական եւ արդյունավետ» փոխգործակցություն է ունեցել Թրամփի առեւտրի նախարարի թեկնածու Հովարդ Լուտնիկի եւ ներքին գործերի նախարարի թեկնածու Դագ Բուրգումի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Կանադայի ջանքերը ֆենտանիլի թրաֆիքինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում, նախարարները նշել են Կանադայի ջանքերն այս ուղղությամբ եւ պայմանավորվել շարունակել բանակցությունները առաջիկա շաբաթներին, նշվել է Կանադայի հայտարարությունում:
Այս ամիս ավելի վաղ Կանադայի կառավարությունը խոստացել էր վեց տարվա ընթացքում ներդնել 1,3 մլրդ կանադական դոլար (902,34 մլն դոլար) սահմանային անվտանգության ոլորտում՝ այն պլանի համաձայն, որը կենտրոնանալու է հսկողության, հետախուզության եւ տեխնոլոգիայի վրա: