
Թուրքիան սպասում է, որ օտարերկրյա պետությունները դադարեցնեն քրդերի աջակցությունը Սիրիայում. Էրդողան

Թուրքիան ակնկալում է, որ Բաշար Ասադի տապալումից հետո օտարերկրյա պետությունները կդադարեցնեն աջակցությունը Սիրիայում քուրդ զինյալներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցել է Al Jazeera-ն։
Եգիպտոսում գագաթաժողովից տուն վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ այլեւս որեւէ պատճառ չկա, որ արտաքին ուժերը աջակցեն «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» (YPG) քուրդ մարտիկներին:
«Մենք չենք հավատում, որ առաջիկայում որեւէ ուժ կշարունակի համագործակցել ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը եւ PKK-YPG-ն, ղեկավարները որքան հնարավոր է շուտ կոչնչացվեն»,- ասել է Էրդողանը։
YPG-ն Սիրիայի հյուսիս-արեւելքում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի հիմնական ուժն է, որին աջակցում է ԱՄՆ-ը: Թուրքիան YPG-ն դիտարկում է որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարունակություն, որը երկար ժամանակ կռվել է թուրքական պետության դեմ եւ Անկարայի, Վաշինգտոնի եւ Եվրամիության կողմից ներառված է «ահաբեկչական» խմբավորումների ցանկում: