
Եթովպիայում ՀՀ դեսպանն ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին:
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում:
Իր հերթին, դեսպան Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և ցանկանում է խթանել իր ներգրավվածությունը մայրցամաքում:
«Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների առնչությամբ` մատնանշելով ԱՄ 2063-ի օրակարգի և կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում փոխգործակցության և ջանքերը համադրելու կարևորությունն, ինչպես նաև ուրվագծելով համագործակցության հնարավոր նոր ուղղություններ»,-հաղորդել է ՀՀ ԱԳ նախարարությունը: