
ԵՄ-ն ցանկանում է իմանալ Ուկրաինայի հակամարտության շուրջ Թրամփի պլանների մասին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Անհրաժեշտ է, որ Եվրամիությունն ավելի շատ տեղեկատվություն ստանա ԱՄՆ նոր վարչակազմի պլանների մասին՝ կապված Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդող մամուլի ասուլիսում։
«Իհարկե, մենք պետք է ավելին իմանանք ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի պլանների մասին», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ԵՄ-ի երկրների ղեկավարները չկարողացան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին համոզել այն հարցում, որ Բրյուսելը կարող է առանց ԱՄՆ-ի օգնության Կիևին աջակցել այնքան, որքան անհրաժեշտ է»։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները համակարծիք են Ուկրիանային աջակցությունը շարունակելու հարցում այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Զելենսկին ԵՄ-ին խնդրել է ոչ թե շահարկել խաղաղության սցենարները, այլ ուժեղացնել Ուկրաինան։
«Վոլոդիմիր Զելենսկին մեզ բացատրել է, որ այժմ սցենարները շահարկելու ժամանակը չէ, ժամանակն է Ուկրաինան ուժեղացնել բոլոր սցենարների համար: Եվ մենք Ուկրաինայի կողքին կլինենք ցանկացած սցենարի դեպքում՝ եթե պատերազմը շարունակվի, եթե խաղաղություն հաստատվի, եթե գա վերակառուցման ժամանակը, եթե գա բանակցելու ժամանակը: Բայց միայն Ուկրաինան, որպես ագրեսիայի ենթարկված երկիր, իրավունք ունի որոշելու, թե երբ և ինչպես վարի բանակցությունները», – նշել է նա։