Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին. Panorama.am
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։ Ավելին, ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին Panorama.am-ի հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից ցինիկ պատասխան են տվել։
Նույնիսկ շատ մոտավոր հաշվարկներով հարկատուների հաշվին Փաշինյանի կնոջ՝ շուրջ մեկ շաբաթ տևած այցը և վայելքները մի քանի միլիոն դրամ են արժեցել: Ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել է անվտանգության առնվազն երեք աշխատկից, նրա հետ են եղել նաև անձնական վարսավիրն ու դուստրը:
Ի վերջո, հասարակությունն ու մամուլն իրավունք ունեն իմանալու, թե որքան է ծախսել Փաշինյանի կինը՝ ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, ուկրաինացի երեխաներին տեսակցելու և Վենետիկում ճամփորդության համար:
Հիմա ամեն բան սկզբից։
Նոյեմբերի 26-ին Panorama.am-ը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում է ուղղում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։ Հարցումը ստորագրված է։
Ինչպես կարգն է, մեր լրատվամիջոցի լրագրողը վկայակոչում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, խնդրում օրենքով սահմանված ժամկետում և կարգով պատասխանել հետևյալ հարցերին.
«1.Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ մեկնել է Սուրբ Աթոռ։ Վարչապետի՝ Հայաստան վերադարձից հետո Աննա Հակոբյանը ևս մի քանի օր մնաց Իտալիայում։ Այս ընթացքում անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցել ՀՀ վարչապետի տիկնոջն ու դստերը։
2. Որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի տիկնոջ Իտալիա կատարած այցի համար։ Խնդրում եմ տրամադրել ծախսերի բացվածքը՝ այդ թվում վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը և այլն։
3. Ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, խնդրում եմ առանձին նշել, թե որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից։
4. Վարչապետի տիկնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար»։
Չանցած երկու ժամ՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը էլ. փոստի միջոցով պատասխանում է.
«Ի պատասխան Ձեր 26.11.2024թ. գրության հայտնում ենք, որ Ձեր հարցումը կարող եք ուղղել «Իմ քայլը» հիմնադրամ»։
Panorama.am-ը հիշյալ հարցումը կառավարությունից ստացած պատասխանի հետ նոյեմբերի 26-ին էլեկտրոնային փոստի միջոցով վերահասցեագրում է «Իմ քայլը» հիմնադրամին։ Տևական ժամանակ հիմնադրամից որևէ պատասխան չկար։ Երեկ՝ դեկտեմբերի 18-ին նույն հարցումը Panorama.am-ն էլեկտրոնային փոստով կրկին ուղարկում է հիմնադրամի էլ. փոստին՝ նշելով. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այս հարցման պատասխանը դեռ չենք ստացել»։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» հիմնադրամից Panorama.am-ը ստանում է հետևյալ պատասխանը.
«Panorama.am-ի լրագրող
Լալա Տեր֊Ղազարյանին
Հարգելի՜ լրագրող,
Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի
Գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն
Դավիթ Մկրտչյան»։
Ընդ որում, վերջինի ստորագրությունն առկա չէ։
Ավելի ցինիկ պատասխան, հնարավոր չէր պատկերացնել։ Կարելի է ենթադրել, այս պատասխանի նպատակը Աննա Հակոբյանի ծախսած գումարների չափով հետաքրքրվող լրագրողին վիրավորելն է, որ էլ մյուս անգամ չհանդգնի նման հարցեր տալ։ Հակառակ դեպքում կարող էին, օրինակ, իրենց նախաձեռնության շրջանակում սերտած դասերի հիման վրա մերժել տեղեկատվության տրամադրումը՝ մատնանշելով հիմքը։
Չի բացառվում, մերժման հիմքերից մեկն էլ կարող էր լինել այն, որ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանը օրինական կինը չէ, և հիմնադրամում ցանկանում են՝ հարցման տեքստում Աննա Հակոբյանը ներկայացված լինի որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։
Ի դեպ օրեր առաջ էլ «Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր, թե որքան գումար է հատկացվել Աննա Հակոբյանին սպասարկող մեքենաների ձեռքբերման համար, երբ են դրանք ձեռքբերվել և որքան գումար է հատվացվում այդ մեքենաների տարեկան սպասարկման համար։ Պետական պահպանության ծառայությունից այդ հարցերին չէին պատասխանել՝ հիմնավորելով, որ դրանք պետական գաղտնիք են։
Հիմա հրապարակային կերպով հիմնադրամին ուղղում ենք Աննա Հակոբյանի՝ Իտալիա այցի ընթացքում ծախսերի վերաբերյալ վերևում ներկայացված հարցերը։
Իսկ մինչ այդ Panorama.am-ն արդեն խորհրդակցություններ է անցկացնում իրավաբաների, տեղեկատվության ազատության մասնագետների, գործող լրագրողների հետ՝ առայժմ նրանց ուշադրությունը հրավիրելով հիմնադրամի, մեղմ ասած, խիստ խնդրահարույց, ոչ կոռեկտ պատասխանի վրա։