Մազութը շարունակում է արտահոսել Կերչի նեղուցի մոտ վթարի ենթարկված լցանավից
ՌԴ-ում փրկարարներն ու կամավորները արտահոսքից հետո նավթամթերքից մաքրել են Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափի գրեթե 4 կիլոմետրը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը։
Կերչի նեղուցում լցանավերի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված է շուրջ 2700 մարդ։ Իր հերթին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ծովային հիդրոֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունների հեռավար մեթոդների բաժնի վարիչ Սերգեյ Ստանիչնին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ըստ արբանյակային մոնիթորինգի տվյալների՝ մազութը շարունակում է արտահոսել Սև ծովում՝ Կերչի նեղուցի մուտքի մոտ վթարի ենթարկված լցանավից։ Նա նշել է, որ մազութը տարածվում է դեպի Կրասնոդարի ափեր։
«Նավի այն հատվածից, որը մնում է վթարի վայրում, շարունակում է մազութ արտահոսել: Մենք շերտի գոտի ենք տեսնում (արբանյակային լուսանկարներում)», – ասել է Ստանիչնին:
Դեկտեմբերի 15-ին մազութով բեռնված երկու լցանավ՝ Volgoneft 212 և Volgoneft 239, խորտակվել են Կերչի նեղուցում։ Նավերում եղել է համապատասխանաբար 13 և 14 մարդ։ Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, մնացածները տարհանվել են։
Վթարի վայրում վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Մազութով աղտոտված լողափերի տարածքը հասել է 49 կմ-ի։