ՀՀ ԱԳ փոխնախարարը խորքային փոփոխություններ է արձանագրում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պարույր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 2024 թվականի ընթացքում ինչպես Հայաստան-Եվրոպական միություն, այնպես էլ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում տեղի են ունեցել խորքային փոփոխություններ և դրական զարգացումներ՝ բարձրացնելով դրանք առավել ռազմավարական մակարդակի։
«Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ խոսելով Հայաստան-Եվրոպական միություն և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին։
«Խոսքը գնում է խորը որակական փոփոխությունների մասին թե′ Եվրամիության հետ, թե′ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Եվրամիության հետ 1 տարուց մի քիչ ավելի է, ինչ ունեցանք այս փոփոխությունը։ Դա ազդարարվեց Գրանադայում վարչապետ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությամբ, որն ուրվագծեց այն ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվեն Եվրամիությունը և Հայաստանը․ այդ տեքստը ռուտինային տեքստ չէր, այն պարունակում էր մի շարք ոլորտներ, որոնք երբևիցե չեն եղել մեր օրակարգում։ Խոսքը գնում է թե′ անվտանգության, թե′ մեր դիմադրողականության, թե′ դիվերսիֆիկացիայի, թե′ մեր նոր ամբիցիաների մասին»,-իր խոսքում նշեց ԱԳ նախարարի տեղակալը։
Խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների մասին՝ փոխնախարարը հիշեցրեց, որ Եվրամիությունը Հայաստան է ուղարկել փաստահավաք առաքելություն, որի արդյունքում փորձում են ձևավորել գործընկերության նոր օրակարգ։ Նրա խոսքով՝ բանակցությունները կավարտվեն մոտ շաբաթների ընթացքում։
«Այդ օրակարգը ոչ միայն կլրացնի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագիրը, այլև կընդլայնի այն՝ ներառելով նոր ոլորտներ, որոնք չկային անգամ Ասոցացման պայմանագրի նախագծում»,-նկատեց փոխնախարարը։ Անդրադառնալով ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացին՝ փոխնախարարն ասաց, որ Հայաստանը տարիներ շարունակ աշխատել է այդ ուղղությամբ, և հիմա սկսվել են բովանդակային բանակցություններն այդ հարցով։
«Հուսով ենք, որ այս գործընթացը շատ չի երկարի։ Դրա հետ մեկտեղ միացանք Եվրոպական խաղաղության հիմնադրամին, որը մեծ ներդրում կլինի պաշտպանության ոլորտում մեր կողմից իրականացվող բարեփոխումների գործում»,- հավելեց փոխնախարարը։
Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թվականը Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող քաղաքական աջակցության առումով նույնպես աննախադեպ ժամանակաշրջան է եղել։
«Ապրիլի 5-ին տեղի ունեցավ Միացյալ Նահանգներ-Եվրամիություն-Հայաստան գագաթաժողով։ Երբևիցե այդպիսի ֆորմատ չէինք ունեցել, և գագաթաժողովը շատ աներկբա սատարեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը, ժողովրդավարության բոլոր գործընթացներին, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր ջանքերին։ Եղան հումանիտար աջակցության վերաբերյալ մի շարք կարևոր պայմանավորվածություններ, և սա ընդամենը 1 տարվա ընթացքում»,-շեշտեց Պարույր Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ՝ 2024 թվականն առանձնահատուկ է եղել նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների տեսանկյունից։ «Այս տարի ունեցանք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության շատ կարևոր նիստ, միաժամանակ ունեցանք մի շարք կարևոր պատվիրակությունների այցելություններ Հայաստան»,-ասաց Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մի շարք ոլորտային կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել, որոնք միտված են Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով իրականացվող դիվերսիֆիկացիայի քաղաքականությունն ամրապնդելուն։