
Ռուսաստանից ԵՄ ներմուծվող գազի բաժինը կրկին սկսել է աճել. Bloomberg

ԵՄ ներմուծվող ռուսական գազի բաժինը կրկին սկսել է աճել 2022 թ. փետրվարին Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի սկսվելուց հետո տեղի ունեցած անկումից հետո: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները։
Ըստ այդ տվյալների, եթե 2022 թ. առաջին եռամսյակում Ռուսաստանից մատակարարումների բաժինը կազմել է 34% (երկրորդ տեղում Նորվեգիան էր, որին բաժին է ընկել ներմուծման քառորդ մասը), ապա արդեն 2023 թ. երկրորդ եռամսյակում ռուսական գազը կազմում էր ԵՄ ներկրվող վառելիքի 14%-ը:
Դրանից հետո, Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն, ռուսական գազի բաժինը կրկին սկսել է աճել և այս տարվա առաջին եռամսյակում կազմել 19%։ ԵՄ մատակարարումների առումով Ռուսաստանը զիջում է Նորվեգիային (34%) և ԱՄՆ-ին (20%), սակայն առաջ է Ալժիրից (13%) և միագումար մատակարարումներով առաջ է Ադրբեջանից, Կատարից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից (14%):
«Bruegel» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2023 թ. վերջին ԵՄ ռուսական գազի ներմուծումը գնային հաշվարկով ամսական կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար՝ 2022 թվականի սկզբին ամսական 16 միլիարդ դոլարի համեմատ:Ռուսաստանը Եվրոպային գազ է մատակարարում Թուրքիայի և Ուկրաինայի տարածքով։
Ուկրաինայի տարածքով տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին, Կիևը մտադիր չէ այն երկարաձգել։ Մոսկվան հայտարարել է, որ չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով տարանցումից։ Եվրամիության հանգուցային գազային ընկերությունները դեկտեմբերի 17-ին ստորագրել են հռչակագիր, որով կոչ է արվում շարունակել գազի տարանցումը` մատնանշելով էներգետիկ և տնտեսական անվտանգության համար սպառնալիքն առանց այդ մատակարարումների: Հռչակագիրը կուղարկվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին։