Բաժիններ՝

Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ. Forbes

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ծավալուն հոդված, որտեղ ներկայացվում են ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետի ծրագրի մեկնարկն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանում։ Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը նշում է, որ Starlink-ը Հայաստանի համար կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական նորամուծություն, այլև ռազմավարական նշանակության գործիք՝ ամրապնդելով երկրի թվային և տնտեսական անկախությունը։

Հոդվածը սկսվում է Հայաստանում նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի փակման արարողության նկարագրությամբ, որտեղ Իլոն Մասկի ուղերձը ներկայացվեց ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովակիմյանի կողմից։ Մասկի խոսքերը հնչում էին որպես հայաստանյան տեխնոլոգիական ներուժի նկատմամբ հետաքրքրության հստակ հաստատում։

Հոդվածում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է Starlink-ը փոխելու Հայաստանի թվային ենթակառուցվածքները։ Հատկապես շեշտվում է, որ երկրի լեռնային տեղանքը և հեռավոր գյուղական համայնքները տարիներ շարունակ տուժել են կայուն և արագ ինտերնետ կապի բացակայությունից։ Starlink-ի միջոցով գերարագ ինտերնետը հասանելի կդառնա նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում։

Սմիթն օրինակ է բերում Հայաստանի Սյունիքի մարզի գյուղատնտեսների առօրյայից։ «Հեռավոր գյուղերի ֆերմերներն այժմ կկարողանան առցանց հետևել շուկայական գներին, նորագույն տեխնոլոգիաներին ու զարգացումներին։ Այսպիսով, գյուղական համայնքները կստանան աննախադեպ հնարավորություններ՝ կրթական, առևտրային և բժշկական ոլորտներում»,- գրում է հեղինակը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն փաստին, որ Starlink-ի միջոցով Հայաստանի ուսանողները հնարավորություն կստանան օգտվել համաշխարհային կրթական հարթակներից՝ վերջապես հավասար պայմաններ ունենալով կրթության հասանելիության տեսանկյունից։

Քրեյգ Սմիթը Starlink-ի ներդրումը դիտարկում է նաև Հայաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքավորման համատեքստում։ Ներկայիս տարածաշրջանային լարվածությունը՝ Ադրբեջանի հետ հակամարտությունների ֆոնին, ավելի կարևոր է դարձնում կայուն և անվտանգ ինտերնետ կապի անհրաժեշտությունը։ Սմիթն ընդգծում է Ուկրաինայի օրինակը, որտեղ Starlink-ը կարևոր դեր խաղաց կապի պահպանման գործում ռազմական գործողությունների ընթացքում։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանում նման համակարգի ներդրումը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հակամարտության ժամանակ կապի խափանումներից խուսափելու համար։

Հոդվածում ներկայացվում են նաև Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը Starlink-ի ծրագրի արագացված ներդրման ուղղությամբ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցում է SpaceX-ի հետ՝ կարգավորող խնդիրների լուծման, ենթակառուցվածքների ներդրման և անհրաժեշտ թույլտվությունների ապահովման համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս հաստատել է Starlink-ի լիցենզավորման հայտը, ինչը նշանակում է, որ ընկերությունը շուտով կմտնի փորձարկման փուլ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փորձարկումները կավարտվեն առաջիկա ամիսներին, ինչից հետո Starlink-ը լիարժեք կգործարկվի։ Հոդվածում Քրեյգ Սմիթը գրում է, որ Starlink-ի հաջողությունը Հայաստանում կարող է ունենալ լայն տարածաշրջանային ազդեցություն՝ խթանելով թվային վերափոխումն ամբողջ Կովկասում։

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկ՝ ԵՄ և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական բարդ դաշտում։ Եվրոպական նորարարական ծրագրերի համատեքստում հիշատակվում է Iris2 նախագիծը, որն ունի Starlink-ի հետ մրցակցելու հավակնություններ։ Սակայն Հայաստանի արագ գործողությունները և SpaceX-ի հետ համագործակցությունը թույլ են տալիս ենթադրել, որ Starlink-ի միջոցով երկրի թվային փոխակերպումն առաջատար դիրքեր կբերի։ Քրեյգ Սմիթը եզրափակում է հոդվածը՝ ընդգծելով, որ Իլոն Մասկի Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս