Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել:
ՀՀ ԱԺ թերեւս ամենասկանդալային նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը՝ Մարիամ Մարգարյանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուղեկցում է Ալեն Սիմոնյանի «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գեւորգյանը։
Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գեւորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։
Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը եւ Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երեւանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես տեղեկանալ, թե ինչպես է ԱԺ նախագահի՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող խորհրդական-օգնականը, աշխատանքի գալու փոխարեն, ԱՄՆ մեկնել եւ ինչու ԱԺ կայքում նրա գործուղման մասին ոչինչ չկա նշված:
«Համլետ Գեւորգյանը գտնվում է արձակուրդում: ԱՄՆ մեկնել է իր հաշվին, իր միջոցներով, հենց այս պատճառով ԱԺ կայքում ոչինչ չկա այդ մասին»,- պարզաբանեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Հավելենք, որ դատելով լուսանկարներից՝ Ալեն Սիմոնյանի օգնական- խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու եւ խորհուրդներ տալու համար փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը:
Ի դեպ, Համլետը, մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը, Ալեն Սիմոնյանի վարորդն էր (լուսանկարը 2019 թվականին է արված)»: