Բաժիններ՝

ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել Սիրիայի կառավարությունը մի շարք չափանիշների պահպանման դեպքում

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ճանաչել և աջակցել Սիրիայի նոր կառավարությանը, եթե այն ձևավորվի ներառականության հիման վրա և առանց արտաքին միջամտության:

Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Սիրիայում քաղաքական անցումային շրջանին, որը տեղի կունենա սիրիացիների ղեկավարությամբ և նրանց մասնակցությամբ։

«Այս անցումային գործընթացը պետք է հանգեցնի ուժեղ, ներառական և աշխարհիկ կառավարման, որը կհամապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափանիշներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի սկզբունքներին համապատասխան», – նշել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել Սիրիայի նոր ղեկավարությանը հստակ պարտավորություններ կատարել փոքրամասնությունների իրավունքները լիովին հարգելու, բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության առաքման գործընթացը հեշտացնելու համար, ինչպես նաև թույլ չտալ, որ Սիրիան օգտագործվի որպես ահաբեկչության հենակետ և սպառնալիք ներկայացնի հարևան երկրների համար։ Բլինքենը Սիրիայի նոր ղեկավարությանը նաև կոչ է արել ապահովել, որ քիմիական և կենսաբանական զենքի բոլոր պաշարներն անվտանգ կերպով ոչնչացվեն։

«Սիրիայի ապագան կորոշի սիրիացի ժողովուրդը։ Բոլոր երկրները պետք է խոստանան աջակցել ներառական և թափանցիկ գործընթացին և զերծ մնան արտաքին միջամտությունից, – ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

– Միացյալ Նահանգները կճանաչի և լիովին կաջակցի Սիրիայի ապագա կառավարությանը, որը կձևավորվի այս գործընթացի արդյունքում։ Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ ամբողջ աջակցությունը Սիրիայի բոլոր տարբեր համայնքներին և խմբերին»։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս