Բաժիններ՝

Սեուլում մոտ 150 հազար մարդ է մասնակցում Կորեայի Հանրապետության նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաքին

Գրեթե 150 հազար մարդ է մասնակցում Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) նախագահի հրաժարականի պահանջով ցույցին Սեուլում՝ Յոիդո շրջանում, որտեղ երկրի ազգային ժողովն է: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Գործակալության ոստիկանական աղբյուրների համաձայն՝ խորհրդարանի դիմաց հավաքվել է 149 հազար մարդ։ Կազմակերպիչները՝ ներառյալ Կորեայի արհմիությունների կոնֆեդերացիան, մասնակիցների թիվը գնահատում են 1 միլիոն:

Մայրաքաղաքի կենտրոնի Գվանգվամուն հրապարակի մոտ տեղի է ունենում պահպանողական խմբերի զուգահեռ հանրահավաք՝ ի պաշտպանություն նախագահի։ Yonhap-ի աղբյուրների համաձայն՝ մասնակիցների թիվը հասնում է 20 հազար մարդու։

Միաժամանակ կազմակերպիչները պնդում են, որ 1 միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ աջակցելու պետության ղեկավարին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցությունը որոշում է կայացրել դեմ քվեարկել երկրի նախագահին իմփիչմենթ հայտարարելու նախագծին, որը ներկայացրել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր։

Նախագահին իմփիչմենք հայտարարելու համար ընդդիմադիր ուժերին անհրաժեշտ է իշխող կուսակցության 8 պատգամավորի ձայն։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ 

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ 

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։ Դրանից հետո երկրի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել նախագահի նկատմամբ, իսկ երկրի պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս