ԿՏԱԿ-ն առաջարկում է նպաստից զրկել այն նպաստառուներին, որոնց երեխաները դպրոց չեն հաճախի
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանելուց։
Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ նշելով, որ սա միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդ է:
«Կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության ապահովումը մեկ նախարարության կամ գերատեսչության խնդիրը չէ, այն պետության և բոլորի խնդիրն է: Աշխարհում այս խնդիրը լուծելու նպատակով տարբեր պրակտիկաներ են կիրառում, օրինակ՝ կիրառում են այսպես ասած պատժի մեթոդը: Օրինակ, երբ դու նպաստառու ընտանք ես, և պետությունը քեզ գումար է տալիս, որպեսզի դու քո ընտանիքի անդամների հիմնական իրավունքները ապահովես, իսկ կրթությունը հիմնարար իրավունք է, այսինքն՝ պետությունը այդ գումարը տրամադրում է նաև, որպեսզի ընտանիքն ապահովի երեխային դպրոց ճանապարհելու կարիքները՝ լուծելով երեխայի սոցիալական խնդիրները: Բայց, երբ ընտանիքը շարունակում է դա չապահովել, երեխան դպրոց չի հաճախում և չի ներգրավվում կրթության մեջ, պետությունը կասեցնում է նպաստը: Հենց երեխան կսկսի մի քանի ամիս շարունակաբար հաճախել դպրոց, ապա պետությունը կվերականգնի ընտանիքի նպաստը»,- նշեց Պողոսյանը:
ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով՝ նախագծի առաջարկը ուղարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ վերջին քննարկման ժամանակ առաջարկը հավանության է արժանացել: