Փորձ է արվում nչնչացնել տարածաշրջանի պետությունները և քարտեզները վերագծել ԱՄՆ-ի ու Արևմուտքի շահերին համապատասխան. Ասադն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է արաբական երկրի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Փեզեշքիանը հաստատել է, որ Իրանը լիովին մերժում է Սիրիայի միասնությունն ու կայունությունը խաթարելու բոլոր փորձերը»,- ասված է գերատեսչության թելեգրամյան ալիքում հրապարակված տեքստում։
Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է «Իրանի պատրաստակամությունը՝ Սիրիային ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին ոչնչացնելու և նրանց հովանավորների ու աջակիցների ծրագրերը խափանելու համար»։
Մինչդեռ նախագահ Ասադը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում ահաբեկչության տեսքով, արտացոլում է երկարաժամկետ նպատակներ՝ պառակտել տարածաշրջանը, ոչնչացնել նրա պետությունները և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին ու նպատակներին համապատասխան»։
«Այս էսկալացիան միայն կամրապնդի Սիրիայի վճռականությունը՝ շարունակելու պայքարը, մինչև ահաբեկչությունն ամբողջությամբ արմատախիլ արվի ամբողջ երկրում», – ասել է նա: