Ապօրինի հատել են 18 ծառ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Նավուրի անտառպետության» տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում:
Այս մասին ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
«Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված 18 թաց կանգուն ծառերի կոճղեր: Հայտնել են նաև, որ ապօրինի ծառահատումը կատարել են նոյեմբերի 25-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութի մի մասն արդեն տեղափոխել են 50-ամյա տղամարդու առանձնատան տարածք: Նշված տարածքում հայտնաբերվել է նաև «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա՝ բենզասղոցը սրահում:
Տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հայտարարության մեջ: