Բալթյան երկրները պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանի նկատմամբ՝ ցույցերը ցրելու համար

Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու մեջ ներգրավված անձանց դեմ։

Այս մասին հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր ճնշել են Վրաստանում օրինական բողոքի ցույցերը։ Ժողովրդավարության ընդդիմադիրները և մարդու իրավունքները խախտողները մեր երկրներում ցանկալի չեն», – գրել է նա X սոցիալական հարթակում։

Դեկտեմբերի 1-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում խոստացել էին, որ անկարգությունները դադարեցնելու՝ վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով Բալթյան երկրների կողմից Թբիլիսիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մտադրությանը, ընդգծել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։

Վրաստանում գիշերը հերթական ցույցն է անցկացվել երկրի կառավարության որոշման դեմ, համաձայն որի մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։

Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն իրավապահների վրա են նետել տարբեր առարկաներ, հրատեխնիկա։

Տեսանյութեր

Լրահոս