Թրամփը «չարաշահում» է անվանել որդուն ներում շնորհելու՝ Բայդենի որոշումը
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ ներում շնորհելու իր որդի Հանթեր Բայդենին, անվանել է «չարաշահում» և արդարադատության կանոնների խախտում։
Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։
«Ջոյի կողմից Հանթերին տրված ներումը վերաբերո՞ւմ է արդյոք հունվարի 6-ի պատանդներին, որոնք տարիներ շարունակ բանտարկված են։
Ինչպիսի չարաշահում և արդարադատության խախտում», – գրել է Թրամփը։
«Հունվարի 6-ի պատանդներ» ասելով՝ Թրամփը նկատի ունի 2020 թ. ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներին, որոնք 2021 թ. հունվարի 6-ին ներխուժել էին Կապիտոլիում։
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք հանրապետականներ նույնպես դատապարտել են որդուն ներում շնորհելու՝ Բայդենի որոշումը։ ԱՄՆ նախագահի որոշումը քննադատել են նաև մի շարք դեմոկրատներ։
Սեպտեմբերին Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկային հանցագործությունների բոլոր ինը կետերով: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ այս մեղադրանքները ենթադրում են մինչև 17 տարվա ազատազրկում։ 2024 թ. սկզբին Հանթեր Բայդենը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում դատապարտվել է երեք դաշնային մեղադրանքներով՝ զենք պահելու գործով:
Տվյալ դեպքում առավելագույն պատիժը 25 տարի ազատազրկումն է և 750 հազար դոլար տուգանքը, սակայն քանի որ նախագահի որդին նախկինում չի դատապարտվել օրենքի նման խախտումների համար, պատիժը պետք է լինի շատ ավելի մեղմ։
Ջո Բայդենը բազմիցս ասել էր, որ իր որդուն ոչ մի գործով ներում չի շնորհելու և շարունակելու է հարգել դատական գործընթացը, սակայն դեկտեմբերի 1-ին նա հայտարարել էր, որ ներում է շնորհել որդուն, և որ նրան անարդար կերպով հետապնդում են։