Հրատեխնիկա, ջրցան մեքենաներ, անկարգություններ. Վրաստանում բողոքի ակցիան շարունակվել է ամբողջ գիշեր

Վրաստանում գիշերը հերթական ցույցն է անցկացվել երկրի կառավարության որոշման դեմ, համաձայն որի մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։

Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է ոստիկանների կողմից ջրցան մեքենաների կիրառման, տուժած ոստիկանների և ցուցարարների անկարգությունների մասին։

Ըստ Վրաստանի հանրային հեռարձակողի՝ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ, հրատեխնիկա։ Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին կոչ է արվել ցրվել, այնուհետև նրանց դեմ կիրառել է ջրցան մեքենաներ։

Նշվում է, որ 14 ոստիկան տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել։ Իր հերթին Sputnik գործակալության վրացական ծառայությունը, վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, հաղորդում է Ներքին գործերի նախարարության 21 տուժած աշխատակցի մասին։

Նոյեմբերի 28-ին ցույցերի մեկնարկից ի վեր տուժած ոստիկանների թիվը հասել է 113-ի։Ըստ հրապարակման՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր ոստիկանների, հատուկ նշանակության ուժերի և խորհրդարանի շենքի վրա են նետել տարբեր առարկաներ, հրատեխնիկա են արձակել, բարիկադներ կառուցել և խարույկներ վառել։

Ցուցարարները վնասել են խորհրդարանի լուսավորման համակարգը և տեսախցիկները։ Առավոտյան ժամը 7-ին Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները հեռացել են, տարածքը մաքրվել է, երթևեկությունը՝ վերականգնվել։

Տեսանյութեր

Լրահոս