
32 իրավապահ տուժել է, 43 ցուցարար՝ ձերբակալվել Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ

Վրաստանի ներքին գործերի նախարարության ավելի քան 30 աշխատակից է տուժել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական հանրահավաքի ընթացքում։ Բերման է ենթարկվել 43 ցուցարար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Ակցիայի մասնակիցների հակաօրինական և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 32 աշխատակից: Տուժածների մի մասի մոտ արձանագրվել են ծանր բնույթի վնասվածքներ՝ գլխի, աչքերի և մարմնի այլ մասերում: Նրանցից 13-ին պահանջվել է վիրաբուժական միջամտություն»,- ասված է հայտարարության մեջ։
Իր հերթին Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ նոյեմբերի 29-ից խորհրդարանի շենքում ակտիվացվել է անվտանգության կարմիր մակարդակը։ Ինչպես հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, կարմիր մակարդակի ժամանակ ոչ մի անձի չի թույլատրվի մտնել Վրաստանի խորհրդարան, «բացառությամբ խորհրդարանի գրասենյակի ղեկավարի կողմից սպառնալիքի առանձնահատկություններին և դրանից խուսափելու անհրաժեշտությանը համապատասխան սահմանված անձանց»:
Ցուցարարները բողոքում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ՝ մինչև 2028 թվականը դադարեցնելու ԵՄ անդամակցության բանակցությունները և հրաժարվելու Բրյուսելի դրամաշնորհից: