ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սառեցման կապակցությամբ

Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ Թբիլիսիի քայլը՝ դադարեցնելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը, «ցավալի» է։ Նա նաև դատապարտել է ոստիկանության բռնությունը ցուցարարների նկատմամբ նոյեմբերի 27-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել դիմակավորված երիտասարդ ցուցարարների դեմ, որոնք բողոքում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ՝ չորս տարով դադարեցնելու ԵՄ անդամակցության բանակցությունները և հրաժարվելու Բրյուսելի դրամաշնորհից:

«Մենք ցավում ենք, որ բռնություն է կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ», – ասել է Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ Պավել Հերչինսկին։

ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սառեցնելու Վրաստանի որոշումը Հերչինսկին որակել է որպես «շատ ցավալի… տխրեցնող»։

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ակնհայտորեն հակասում է Վրաստանի նախկին կառավարության քաղաքականությանը, ըստ էության, Վրաստանի բոլոր նախկին կառավարությունների քաղաքականություններին, դա հակասում է նաև Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության կամքին», – հավելել է Հերչինսկին։

Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում հանդիպման ժամանակ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։

Հերչինսկին չի բացառել, որ, հնարավոր է, քննարկվեն մի քանի տարբերակներ, այդ թվում, Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի չեղարկումը։Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որն ուղեկցվել է բախումներով։

Տեսանյութեր

Լրահոս