
Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ):
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ», – ասված է հաղորդագրության մեջ։
Փհենյանի Սունան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակախմբի մասնակցությամբ։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը:
Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։