Շնորհավորում եմ Փաշինյանին. կարևորը ինքը բոլոր հարցերի պատասխանները գտել է, բրավո. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէ՝ արդյոք 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների շարքերից զինվորականներն են կրակ արձակել ոստիկանների ուղղությամբ։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինձ հայտնի չէ այդ փաստը (զինվորականների կողմից կրակ արձակելու մասին է խոսքը – խմբ․)։ Մարտի 1-ին ցուցարարների միջից են ավտոմատով կրակել դեպի ոստիկանական շարքերը, բազմաթիվ տեսանյութեր կան այդ մասով։ Առաջարկում եմ թարմացնել այդ նյութերը և կրկին դրանք նայել»,- նշեց Քոչարյանը։
Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով պարկուճները փոխվե՞լ են, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց, որ դա միֆոլոգիայի ժանրից է։ Նա ընդգծեց, որ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը նշել է, թե պարկուճները փոխվել են հունիս կամ հուլիս ամիսներին, իսկ ինքը 2008 թվականի ապրիլի 9-ից այլևս չի պաշտոնավարել որպես երկրի նախագահ։
Նա նշեց, որ բացարձակ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։
Ռոբերտ Քոչարյանն անհեթեթություն է համարում իր և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ առաջադրված նոր մեղադրանքը։
«Անհեթեթություն է, ես չեմ էլ լսել այդ մեղադրանքը։ Ասում են, որ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, բայց ինչո՞ւմն է այդ ապօրինությունը։ Այդ հրամանագիրը հաստատել է ԱԺ-ն՝ 24-ժամյա ռեժիմով։ Դատախազը նաև ասում է, որ իրավունք չկար նման հրամանագիր ստորագրելու, բայց եթե նա գոնե մի քիչ իրավաբանությունից հասկանար, ապա կբացեր Սահմանադրությունը և կտեսներ, որ անցումային դրույթների հատվածում գրված է՝ մինչ օրենքի ընդունումը նախագահն իրավունք ունի հրամանագրով արտակարգ դրություն մտցնել»,- նշեց Քոչարյանը։
Նա նաև ընդգծեց, որ երբեք չի մտածել, որ մեկ դատական նիստի ընթացքում հնարավոր է այսքան օրենքի խախտում թույլ տալ։ Նա խայտառակություն և իրավաբանության խոշտանգում որակեց այն, ինչ կատարվել է դատարանի այսօրվա նիստի ընթացքում։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ «Մարտի 1-ի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք ներկայացվեց։
Նման միջնորդություն ներկայացրեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։