Բաժիններ՝

Եգիպտոսի ափերին զբոսաշրջային նավի  խորտակումից հետո 16 մարդ դեռ անհետ կորած է

Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ խորտակված նավից փրկվել է 28 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ունեցել։ 16 մարդ, այդ թվում՝ 12 օտարերկրացի, անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին։ Նավը, սակայն, նոյեմբերի 25-ին խորտակվել է Մարսա Ալամ քաղաքի մոտ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավում եղել է անձնակազմի 14 անդամ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ ըստ նախնական տվյալների՝ նավին հարվածել է խոշոր ալիք, և այն 5-7 րոպեի ընթացքում կողաշրջվել է։ 

«Որոշ ուղևորներ իրենց խցիկներում էին, այդ պատճառով չեն կարողացել փախչել», – հայտնել է նահանգապետ Ամր Հանաֆին։ 

Նավից ահազանգ է գրանցվել նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 5։30-ին։ Այն պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին։ Նոյեմբերի 25-ի երեկոյան անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են մինչև առավոտ։

Նավում եղել են ամերիկացի, բելգիացի, բրիտանացի, չինացի, ֆինն, գերմանացի, լեհ, սլովակ, իսպանացի և շվեյցարացի զբոսաշրջիկներ։ 

Հանաֆին հայտնել է, որ Եգիպտոսի իշխանություններն աշխատում են դեսպանատների, հյուպատոսարանների և համապատասխան իշխանությունների հետ՝ փրկված ուղևորներին աջակցելու համար։ Պաշտոնյան հավելել է, որ նավի մանրակրկիտ տեխնիկական ստուգումը հաստատել է, որ դրա հետ որևէ խնդիր չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս