Հայիթիի միջազգային օդանավակայանը փակվել է հանցախմբերի հարձակումների պատճառով
Հայիթիի միջազգային օդանավակայանը նոյեմբերի 11-ին փակվել է այն բանից հետո, երբ հանցախմբերը կրակ են բացել Պորտ-օ-Պրենսում վայրէջք կատարող կոմերցիոն ինքնաթիռի վրա։
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Spirit Airlines-ի ինքնաթիռը, որը Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքից մեկնում էր Պորտ-օ-Պրենս, թռիչքուղուց մի քանի հարյուր մետր բարձրության վրա է եղել, երբ հանցախմբերը կրակել են ինքնաթիռի վրա։
Ուղեկցորդը թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Դոմինիկյան Հանրապետությունում։
Միջադեպից հետո մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են չվերթերը Հայիթիից և դեպի Հայիթի։Երկրի մայրաքաղաքի այլ հատվածներում հանցախմբերի և իրավապահների միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել։ Քաղաքի ավելի հարուստ թաղամասերում հանցախմբերի անդամները հրկիզել են տները։ Դպրոցները փակվել են խուճապի պատճառով։ Այս ամենին նախորդել էր Հայիթիում ժողովրդավարական կարգ հաստատելու համար ստեղծված խորհրդի կողմից վարչապետի պաշտոնակատար Գարի Կոնիլի պաշտոնանկությունը։ Կոնիլի փոխարեն ժամանակավոր վարչապետ է նշանակվել գործարար Ալիքս Դիդիե Ֆիլս-Էմին։ Երդմնակալության ժամանակ Ֆիլս-Էմին հայտարարել է, որ իր առաջնահերթություններն են խաղաղության վերականգնումը և ընտրությունների անցկացումը։
Հայիթիում ընտրություններ չեն անցկացվել 2016 թվականից ի վեր։ 2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից ի վեր երկրում քաոս է տիրում։
Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ հանցախմբերը վերահսկում են Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի 85 %-ը։