
Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ հիմնվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա․ հայտարարություն

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Հետագայում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները զարգացվել են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում:
Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիմքով գործընկերային աջակցություն ցուցաբերել՝ այն ձևով և ծավալով, որոնք պահանջված կլինեն բանակցող երկու կողմերից»,- ասված է հայտարարության մեջ։