
Քամալա Հարիսին կարող են առաջադրել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում. Newsweek

ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո կարող է առաջադրվել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով իրավաբան, Հարավային Կարոլինայի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բակարի Սելերսին։
Հարիսն ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նա աշխատել է դատախազությունում, քաղաքապետարանում և փաստաբանական ընկերություններում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 70-ամյա դատավոր Սոնյա Սոտոմայորը կարող է հեռանալ Գերագույն դատարանից, ինչն ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենին հնարավորություն կտա մինչև իր պաշտոնավարման ավարտը Հարիսին առաջադրել երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում:
Նշվում է, որ այդ գործողությունը պետք է կատարվի մինչև 2025 թվականի հունվարի 20-ը՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի օրը: