Մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք, և ունենանք արժանապատիվ և անվտանգ կյանք, դա ամրագրված է միջազգային փաստաթղթերով. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանն ընդհանրապես իր պարտավորությունները չի կատարել այդ եռակողմ հայտարարությամբ, որի հետևանքով ունենք այն, որ ես ու բոլոր արցախցիներն այստեղ ենք, Եռաբլուր ենք այցելում մեր զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ սովորաբար, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի կողմից չի խոսվում եռակողմ հայտարարության մնացած դրույթների մասին, այլ ադրբեջանական և ռուսական կողմից խոսվում է հատկապես իններորդ կետի վերաբերյալ»,-ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ դա իրականում հիմնարար հարցերից մեկն է, բայց այդ փաստաթուղթը պետք է դիտարկել ամբողջության մեջ։

«Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա ամբողջ փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն: Ես չէի ուզի, որ մենք մեր իրավունքների հարցը բերենք ու սահմանափակենք միայն եռակողմ հայտարարության սահմաններում:

Պետք է խոսենք նաև մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային իրավունքի ավելի բարձր նորմերով ու փաստաթղթերով ամրագրված են, այդ թվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանով, որը նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք և այնտեղ անվտանգ, արժանապատիվ կյանք ունենանք»,- ասաց նա։

Ըտս Բեգլարյանի՝ արցախահայերի իրավունքի վերաբերյալ առաջնային բանակցողը պետք է լինի ՀՀ-ն, որովհետև Արցախի Հանրապետության իշխանություններին որևէ մեկը հաշվի չի առնում ու հնարավոր էլ չէ հաշվի առնել, որովհետև իրենք այլևս գործոն չեն։

«Արցախում լինելով մենք գործոն էինք, քիչ թե շատ մեզ հետ հաշվի նստում էին, սակայն Արցախի կորստից հետո որևէ մեկը չի էլ ուզում մեզ հետ հաշվի նստել, այդ թվում միջազգային միջնորդները։ ՀՀ-ն մշտապես եղել է, հիմա էլ պետք է լինի, Արցախի ժողովրդի իրավունքների անվտանգության երաշխավորը միջազգային մակարդակում բանակցելով և այլն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս