Պակիստանում տեղի ունեցած պայթյունից առնվազն 20 մարդ է զոհվել
Առնվազն 20 մարդ զոհվել է, շուրջ 30-ը վիրավորվել են Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ սարքի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է Geo հեռուստաալիքը:
Պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով 08:00-ի սահմաններում, երբ Jaffer Express գնացքը պատրաստվում էր Քվետայից ուղևորվել դեպի Փեշավար։
Տեղի ոստիկանության ավագ տեսուչ Մոհամմադ Բալոհը նշել է, որ կատարվածը նման է մահապարտի իրականացրած ահաբեկչության, թեպետ այդ վարկածը դեռ հաստատված չէ:
Իշխանությունները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Բելուջիստանի կառավարության ներկայացուցիչ Շահիդ Ռինդը հայտնել է, որ ոստիկաններն ու անվտանգության ուժերն արդեն աշխատում են միջադեպի վայրում: Նա նշել է, որ պայթյունի բնույթն ուսումնասիրվում է, իսկ պայթուցիկների չեզոքացմամբ զբաղվող ջոկատը դեպքի վայրում ապացույցներ է հավաքում։ Նշվում է, որ տեղի հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։