
Համաշխարհային բանկը 750 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 750 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Իր Telegram ալիքում այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը։
«Միջոցները կտրամադրվեն «Վերականգնման աջակցություն ողջամիտ ֆիսկալ կառավարման միջոցով» (SURGE) նախագծի շրջանակներում, որն ուղղված է Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցությանը: Այդ գումարի մի մասը կհատկացվի ADVANCE Ukraine հիմնադրամից, որին օժանդակում է Ճապոնիայի կառավարությունը», – գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բանկին օգնության համար։
Շմիհալը պարզաբանել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի պատերազմական պայմաններում պետական կառույցների աշխատանքի ուժեղացմանը, քաղաքացիներին պետական առանցքային ծառայություններն ամբողջությամբ մատուցելուն։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կարող է ավելացվել։
Ավելի վաղ նոյեմբերին Ուկրաինայի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային բանկի հետ, որը նախատեսում է գրեթե 600 միլիոն դոլարի հատկացում, որը կուղղվի փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, կանաչ անցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և թվայնացմանը։ Այն ժամանակ Շմիհալը հայտնել էր, որ ծրագրի ընդհանուր նախատեսված գումարը գերազանցում է 1 մլրդ դոլարը և նախատեսված է մինչև 2027 թվականը։