
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ոլորտի պատասխանատուները ներկայացրել են առկա խնդիրները, գյուղապահովագրության շարունակականության ապահովման մարտահրավերները, առաջարկել դրանց ուղղված լուծումներ:
Մասնավորապես, ընդգծվել է վնասի գնահատման նոր ստանդարտների ներդրման, ոլորտի փորձագետների վերապատրաստման ու որակավորման կարևորությունը։ Զարգացած գյուղապահովագրության համակարգ ունենալու համատեքստում կարևորվել է նաև վիճակագրական ենթակառուցվածքների ներդրման անհրաժեշտությունը, համակարգի նկատմամբ վստահության ապահովումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի զարգացմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ աշխատանքների իրականացումը:Վարչապետի խոսքով՝ միանշանակ է, որ ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որոշում կայացնողները ոլորտն արդյունավետ կառավարելու համար պետք է անմիջական շփում ունենան շահառուների հետ, խնդիրներին ծանոթանան տեղերում: Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցերի ուղղությամբ իրականացնել հետևողական նաշխատանքներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները: