
Թրամփի փեսա Քուշները բացառում է ԱՄՆ վարչակազմ վերադառնալու հնարավորությունը. FT

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Հանրապետականի նոր վարչակազմի օրոք չի վերադառնա Սպիտակ տուն։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց կարծիքով՝ Թրամփի վարչակազմի օրոք Քուշները կարող է զբաղվել Մերձավոր Արևելքի քաղաքականության հարցերի շուրջ խորհրդակցություններով, սակայն չի վերադառնա Սպիտակ տուն։ Միևնույն ժամանակ, Թրամփի թիմը դիտարկում է Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Վիկտորիա Քոութսին և պաշտոնաթող գեներալ-մայոր Միգել Կորեային՝ Քուշների հնարավոր մասնակցությամբ Մերձավոր Արևելքի հարցերով աշխատելու համար, նշում է հրատարակությունը։
Թերթը նշում է, որ Քուշները Թրամփի ավագ խորհրդականն էր նրա նախորդ ժամկետում և առանցքային դեր է խաղացել Աբրահամի համաձայնագրի բանակցություններում, որոնք դիվանագիտական կապեր հաստատեցին Իսրայելի և արաբական մի քանի պետությունների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի և Մարոկկոյի միջև։
Քուշները մի քանի անգամ ասել է, որ շահագրգռված չէ վերադառնալ կառավարություն, սակայն Թրամփի հաղթանակը և Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը կարող են պատճառ դառնալ, որ նա փոխի իր կարծիքը։