ԱՄՆ նախագահական ընտրություններում ձայների բաշխման արդյունքները թարմացվել են
Ամերիկյան լրատվամիջոցները թարմացրել են նոյեմբերի 5-ին կայացած նախագահական և Կոնգրեսի ընտրություններում ձայների բաշխման արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 301 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Նրա համար քվեարկել է 73,3 միլիոն մարդ՝ 50,7 %-ը։ Դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ապահովել է ընտրիչների 226 ձայն։ Նրա համար քվեարկել է 69 միլիոն ընտրող՝ 47,4 %-ը։
ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։
Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով՝ հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում։ Մինչ այս շատ չնչին տարբերությամբ Սենատում գերիշխում էին դեմոկրատները։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների նախնական արդյունքներով ևս դեռ առաջատար են հանրապետականները, սակայն ընտրությունների վերջնական ելքը դեռ պարզ չէ։