Կառավարությունը հաստատել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

2021 թվականին հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևանում և մարզերում մենթորական հաստատություններ են ձևավորվել, կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ չնայած պետության կողմից որդեգրված մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, առկա են դաստիարակների թափուր հաստիքներ:

Գյուղական փոքր բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:

Խնդրի կարգավորման նպատակով նախագծով առաջարկվում է ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը և կսահմանվի  մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու համապատասխան կրեդիտներ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին: Վերոգրյալի համատեքստում առաջարկվում է օրենքում կիրառվող հասկացությունների թվում դաստիարակ հասկացությունն առանձին սահմանել:

2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցների հաշվին նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես որ նրանց զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը և տևողությունը, ի տարբերություն տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի և կներառի միայն բարեվարքության և նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի և հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում նախատեսվում է նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում ստեղծել համապատասխան ֆիզիկական պայմաններ: Հատկապես նշված բնակավայրերում համապատասխան  որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի սահմանման լիազորող նորմ:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով:

Նախադպրոցական ծառայություն կարող է իրականացվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից, որն իրականացվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա: Հետևաբար, նախադպրոցական կրթական ծրագրով և նախադպրոցական ծառայությամբ լիցենզավորման հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք (տարբեր կազմակերպաիրավական ձևերով՝ ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ՀԿ և այլն)՝ որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստանալուց հետո:  Այսպիսով, իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրմանը, հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը, ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:

Տեսանյութեր

Լրահոս