Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել հյուսիսկորեական հրթիռների դեմ ուղղված զորավարժությունների շրջանակներում
Հարավային Կորեան Hyunmoo-II «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծով՝ որպես ուժի ցուցադրություն Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացված հրթիռների արձակումից հետո: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն:
Մարտական հրաձգությամբ զորավարժություններն անցկացվել են նոյեմբերի 7-ին Տեան արևմտյան ափամերձ շրջանում:
Հարավկորեական հրթիռային ստորաբաժանումը փոքր հեռահարության Hyunmoo-II բալիստիկ հրթիռ է արձակել՝ խոցելու ծովային թիրախը, որը նմանակում էր հյուսիսկորեական հրթիռի արձակումը:«Մարտական հրաձգությամբ այս զորավարժությունների ընթացքում մեր զինվորականները ցույցադրել են իրենց անսասան վճռականությունն՝ արձագանքելու հյուսիսկորեական ցանկացած սադրանքի, ինչպես նաև հակառակորդի սադրանքի աղբյուրին ճշգրիտ հարվածներ հասցնելու կարողությունը», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Զինվորականները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ համատեղ կշարունակեն ուշադիր հետևել Հյուսիսային Կորեայի ռազմական գործողություններին։
Միևնույն ժամանակ նրանք պատրաստ են «վճռականորեն» պատասխանել Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի։
Նոյեմբերի 5-ին Փհենյանը փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծով։ Իսկ հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան անցկացրել էր իր նոր միջմայրցամաքային Hwasong-19 բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը: