Թրամփն իր նախընտրական շտաբի ղեկավարին նշանակել է աշխատակազմի ղեկավար
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո իր նախընտրական շտաբի ղեկավար Սյուզի Ուայլսին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Սյուզի Ուայլսն օգնեց ինձ ապահովել ամերիկյան պատմության մեջ ամենամեծ քաղաքական հաղթանակներից մեկը և 2016 և 2020 թվականների իմ հաջող քարոզարշավի անբաժանելի մասն էր», – հայտարարության մեջ նշել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Ուայլսը «կոշտ է, խելացի, նորարար և վայելում է համընդհանուր հիացմունք ու հարգանք»։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Սյուզին կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին աշխատակազմի ղեկավարը։ Ես կասկած չունեմ, որ նա կհպարտացնի մեր երկիրը», – ասել է նա։
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Ուայլսը տվյալ պաշտոնի համար գլխավոր թեկնածուն է։ Ըստ CNN-ի աղբյուրի՝ նա պաշտոնը ստանձնելու համար որոշ վերապահումներ ուներ և նախքան դրան համաձայնելը մի շարք պայմաններ է առաջադրել Թրամփին։ Նշվում է, որ այդ պայմաններից մեկը եղել է ավելի շատ վերահսկողությունն այն բանի նկատմամբ, թե ով կարող է Օվալաձև գրասենյակ մտնել նախագահի մոտ։
Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում նրա աշխատակազմը բազմիցս ստիպված է եղել կանխել նրա ոչ պաշտոնական խորհրդականների, ընտանիքի անդամների, ընկերների հանդիպումները նախագահի հետ Սպիտակ տանը։
Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին՝ ապահովելով ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Հարիսն ապահովել է 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։