Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին La Stampa թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մոտ օրերս կլինի Թեհրանում, որտեղ մտադիր է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը:

«Մոտ օրերս ես կլինեմ Թեհրանում, որտեղ նախատեսված են բանակցություններ ղեկավարության հետ: Անհրաժեշտ են կոնկրետ առաջարկություններ՝ պարզաբանելու ծրագրի ոչ լիովին պարզ ասպեկտներն ինչպես դրա անցյալ, այնպես էլ ներկա փուլում», – ասել է նա։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի կարծիքով՝ ելակետ կարող է լինել ինչպես  նախկին բազմակողմ համաձայնագիրն, այնպես էլ նոր գործընթացը։

«Ես առայժմ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, ուստի ինձ համար այդքան կարևոր է այս հանդիպումների անցկացումը», – ասել է Գրոսսին։

Գրոսսին նաև նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ նաև ԱՄՆ հանրապետական ​​վարչակազմի մոտեցումը (խմբ.՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո), որը «միշտ տարբերվել է Ջո Բայդենի կառավարության մոտեցումներից»։

«Ես չեմ ակնկալում, որ  հնարավոր կլինի անմիջապես  համաձայնության գալ, այս պահն անցումային է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի համար», – կարծում է ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը։

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով:

2018 թվականին Թրամփը, որ այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, երկիրը դուրս բերեց համաձայնագրից։ Նախագահի պաշտոնում նրան հաջորդող դեմոկրատ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնին միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարել իրանական կողմի հետ՝ ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, որը մի քանի փուլից հետո 2022 թվականի նոյեմբերին ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս